ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այդպես էլ ոչ ոք չտեսավ որևէ գրավոր փաստաթուղթ

Այդպես էլ ոչ ոք չտեսավ որևէ գրավոր փաստաթուղթ
21.08.2024 | 13:32

Երկու տարի առաջ հենց էս օրն էր, երբ ստիպված եղանք հեռանալ Աղավնոյից:

Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետև մնալու հիմքեր չունեինք, որովհետև չափազանց անզոր էինք, որովհետև արեցինք, երևի, ինչ կարող էինք:

Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ:

7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ հետո նայեր, թե ոնց են տեղավորում բեռնատարի մեջ։ Ասում եմ՝ Ալեքս, բա ի՞նչ նվիրեմ ծնունդիդ։ Նայում ա դեմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայացքով ու ասում՝ սրանից հետո էլ ի՞նչ նվեր․․․

Կարինեի ընտանիքը տան ապրանքը բարձելուց հետո ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամեն մեկը փորձելով, ինչպես կարող է, թաքցնել մատնիչ արցունքները․․․

15-ամյա Անիին ասում եմ՝ բա ի՞նչ ես ուզում սովորես, Երևանում ի՞նչ պիտի անես, ասում ա՝ չեմ կարա սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մորս․ Անիենց ընտանիքում 5 թե 6 երեխա էին․․․

Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանվել արդեն 2 անգամ, տան պատերն էր անխնա համբուրում․․․

Էս ամենը սիրտ մաշող է, իհարկե, բայց շատ ավելի տխուր է ականատես լինել, թե ինչպես են ռուսները վերցնում վավերագիր ռեժիսորի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ադրբեջանցի լրագրողը գալիս է քթներիս տակ՝ ռուսներով շրջապատված, նկարում, հարցազրույց վերցնում ու գնում։

Ցավեցնող է, որ այդպես էլ ոչ ոք չտեսավ որևէ գրավոր փաստաթուղթ՝ տարհանման հետ կապված, որ ՌԴ պաշտոնյան ինչ-որ լղոզված, անհասկանալի հայտարարություն է անում, ՄԻԵԴ-ը ինչ-որ միջանկյալ միջոցի մասին է խոսում, մեր իշխանությունն էլ է լռում, ընդդիմությունն էլ, իսկ ուժային կառույցները հորդորում են բնակիչներին՝ ոչնչին ուշադրություն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գյուղից։

Ցավեցնող է՝ տեսնել հերոս գյուղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթե անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետևից չեն գա․․․

Ցավեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, ով արդեն երկու ամիս է, թողած ամեն ինչ, ապրում է Աղավնոյում՝ բնակիչների կողքին ու լացելով կիսահայերեն ասում է՝ ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է․․․ Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՞նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամենը 7 օր:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ամենացավեցնողն այն է, որ Երևանում շատերը չգիտեն Աղավնոյի տեղը:

Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս․․․ Հետո բռունցքդ սեղմած ասես՝ Արցախը Հայաստան է ու վերջ․ մենք դեռ վերադառնալու ենք Աղավնո էլ, Բերձոր էլ, Շուշի էլ․․․ Ու էդ ամենից հետո՝ գնաս նստես երեխուդ կողքին ու ցույց տաս քարտեզը, ասես, որ էս շաբաթ-կիրակի ոչ թե կգնաք կառուսել, այլ կգնաք Արցախ շրջելու, կամ՝ Սյունիք, կամ՝ Տավուշ, կամ Լոռի․․․ Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հյութի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամոնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդա, ընկերների մոտ էլ քիչ գլուխ գովա իր ունեցած թույն հեռախոսով կամ հոր քշած ավտոյով:

Ու կուժեղանանք, ու կարող ենք պահանջատեր լինել, ու կվերադառնանք․․․ Եթե ոչ մենք, գոնե էն եկող սերունդը, որ կիմանա Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կհասկանա, որ հայրենիքը հենց ինքն է, ու իր ամեն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզորացնել, ով կիմանա և՛ բռունցքը սեղմել, և՛ բռնել կողքինի ձեռքը, և՛ հայացքն ուղղել երկինք, ով չի սպասի՝ հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը հանգցնելու մասին: Ու մենք կվերադառնանք:

Արմեն Նիազյան

21-ը օգոստոսի, 2022 թիվ

Դիտվել է՝ 6941

Մեկնաբանություններ